«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Պիեռը

Պիեռը
22.05.2023 | 22:14

Այսօր, հորդառատ անձրևի տակ, Շահումյանի գերեզմանատան մի ծածուկ անկյունում ժամանակավորապես հողին ի պահ տվեցինք ՀԱՀԳԲ հերոս-նահատակ Պիեռ Գյուլումյանի մասունքները: Այո, ժամանակավորապես: Այս հզոր տղան, որ նահատակվելիս 23 տարեկան էլ չկար, Ֆրանսիայում էլ էր ժամանակավորապես թաղված: Արդեն 40 տարի...

Ո՞վ էր Պիեռը: Գիտեմ, մեր հանրության գիտակցությունը այնքան է ծանրաբեռնված ամեն տեսակ աղբով, որ դժվար թե կարողանա մի ավելորդ անուն մտապահել: Բայց այդ ,,ավելորդ,, անունը Պիեռ Գյուլումյանն է:

Մի իրողություն ընդամենը բացահայտեմ: 1981-ին, երբ Փարիզում ձերբակալվեց հետագայում Արցախում ու Հայաստանում լեգենդ դարձած անունը, որը տալիս դեռ ֆբ էջեր են գոցվում, Պիեռն անմիջապես գործի անցավ: Մեկը մյուսի հետևից այնքան հետևողականորեն սկսեց օդ հանել ֆրանսիական հաստատությունները, որ մեր ապագա հերոսին բաց թողեցին: Ազատ արձակեցին, ու այդպես էլ չիմացան, որ իրենց առօրյան դժոխքի վերածած խորհրդավոր անձնավորությունը 22 տարեկան մի երիտասարդ էր: Պիեռը իր զինակից ընկերներին մենակ չէր թողնում իրենց ողբերգության հետ: Ու սա ընդամենը մի դրվագ է նրա կարճատև, բայց խիստ հագեցած մարտական ուղուց:

ՀԱՀԳԲ բովանդակ Եվրոպայի պատասխանատուն էր Պիեռը: Անգնահատելի, անփոխարինելի անձնավորություն:

Երբեք չեմ մոռանա անցած տարվա դեկտեմբերյան ցրտաշունչ առավոտը, երբ նույն կազմով ներկա էինք Պիեռի մասունքները ֆրանսիական շիրիմից հանելու արարողությանը: Փարիզից ոչ շատ հեռու գտնվող Թիե քաղաքի գերեզմանատանն էր: Գլխահակ հետևում էինք գերեզմանափորների աշխատանքին, երբ բնությունը մի սարսռալի նշան տվեց: Այն բացատրություն չունի, բայց դրան կանդրադառնամ մեկ այլ անգամ, երբ Պիեռը իր վերջնական հանգրվանը կգտնի Եռաբլուրի ՀԱՀԳԲ հուշահամալիրում, որտեղ 2000 թվականից կա նրա տեղը՝ իր անունը կրող հուշաքարով: Այս ամենի մասին մենք չենք բարձրաձայնել, որպեսզի ոչ ոք չխանգարի Պիեռին տեղափոխել 23 տարի իրեն սպասող հանգրվանը: Բայց... չստացվեց: Չասեմ ինչու, որովհետև փթիրները հենց դրան են սպասում: Սպասում են, որ իրենց տերերը մեզանից իմանան, որ հալածել են պայքարող մարտիկի թափառիկ մասունքները, որ դրանով հերթական անգամ սիրաշահել են իրենց թուրք տերերին: Փթիրները գերեզման չեն ունենալու: Ոչ այստեղ, ոչ էլ այլուր: Փթիրների լեշերը հոտելու են անհայտ աղբանոցներում:

Իսկ Պիեռը շատ մոտ ապագայում կտեղափոխվի իր վերջնական հանգրվանը: Կասկած չունեմ:

Պիեռը լեգենդ էր: Խաղաղություն նրա աստանդական ոսկորներին:

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 6386

Մեկնաբանություններ